Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյան. Մենք պետք է լինենք ռացիոնալ

Կարեն Կարապետյան. Մենք պետք է լինենք ռացիոնալ
21.03.2017 | 12:57

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր, եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել հարցերին և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացման ծրագրերին:

Կարեն Կարապետյանը հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենալ համայնքում, որից հետո միայն ներկայացնել կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն: Պետք է նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ-քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը: «Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,- ավելացրել է վարչապետը:


Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները:
«Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ: Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերացիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր:

«Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:


Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունում հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը: Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առայսօր Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ